Կեղծ լուր․Գեղամ Մանուկյանը բանակում չի ծառայել
Վճիռ՝ կեղծ լուր
Մայիսի 26-ին հրապարակված հոդվածում MediaNews-ը անդրադարձել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուներին և նշել, որ ցուցակի առաջին համարներում տեղ են գտել մարդիկ, ովքեր ո՛չ ծառայել են բանակում, ո՛չ էլ երբևէ առնչություն են ունեցել բանակի հետ։ Չծառայած թեկնածուների ցանկում ներառված էր նաև Գեղամ Մանուկյանը։ Պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը media.am-ին և Factcheck.ge-ին տրամադրեց իր զինվորական գրքույկը, որն ապացուցում է` Մանուկյանը իրականում անցել է պարտադիր զինվորական ծառայություն։
MediaNews լրատվակայքը առանձնացրել էր «Հայաստան» դաշինքի ցուցակում հայտնված 8 անձանց՝ Իշխան Սաղաթելյան, Արﬔն Գևորգյան, Արծվիկ Մինասյան, Արթուր Ղազինյան, Գեղամ Մանուկյան, Անդրանիկ Թևանյան, Աշոտ Սիմոնյան և Արմեն Չարչյան, և նշել, որ վերջիններս բանակում չեն ծառայել։
Այս լուրն արտատպել էին civic.am-ը, araratnews.am-ը, FreeNews-ը և ֆեյսբուքյան մի շարք էջեր։
Թեպետ Գեղամ Մանուկյանի կենսագրության հրապարակված հատվածներում նրա զինվորական ծառայության մասին տեղեկատվությունը բացակայում է, այնուամենայնիվ մենք պարզեցինք, որ նա բանակում ծառայել է։
Media.am-ի և Factcheck.ge-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանը MediaNews-ի հրապարակումը կեղծ անվանեց և տրամադրեց իր զինվորական գրքույկը, որում նշվում է, որ վերջինս ծառայություն է անցել սովետական բանակում՝ 1988 թվականից։
Գրքույկում երևում է, որ Գեղամ Մանուկյանը ծառայել է 84565 զորամասում, որը, բաց աղբյուրների համաձայն, գտնվել է Արևելյան Գերմանիայում՝ Ցերբստ քաղաքում։
Այսպիսով, պնդումը, թե «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը չի ծառայել բանակում, ապատեղեկատվություն է։
--------------------------
Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: