Կեղծ լուր. Կադիրովն իր ձեռքերով կթաղի Ալիևին Շուշիում
Վճիռ՝ կեղծ լուր
Ֆեյսբուքում ակտիվորեն տարածվում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անունից արված կոչը՝ իբրև ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նշվում է, թե սոցցանցում կատարած իր գրառման մեջ Կադիրովը մեղադրել է Ալիևին հակառուսական քայլ անելու և Թուրքիայի նախագահին Շուշի տանելու համար։ Որպես այդ քայլի հետևանք՝ Կադիրովը խոստանում է սեփական ձեռքերով թաղել Ալիևին Շուշիում։ Այս լուրը չի համապատասխանում իրականությանը, Կադիրովը նման ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր հայտարարություն չի արել։
Հունիսի 15-ին Շուշի քաղաքում հանդիպում կայացավ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի միջև, որից հետո նրանք հռչակագիր ստորագրեցին Թուրքիայի և Ադրբեջանի միջև միութենական հարաբերություններ հաստատելու, այդ թվում` ռազմական փոխօգնություն տրամադրելու մասին։
Հունիսի 17-ին սունկ կայքերը և ֆեյսբուքյան էջերը սկսեցին տարածել, թե Ռամզան Կադիրովը ընդունել է այդ հանդիպումն իբրև վիրավորանք՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և գրել է, թե Ալիևին իր ձեռքերով թաղելու է Շուշիում։ Տեղեկությունը հրապարակվեց սունկ կայքերում և տարածվեց ֆեյսբուքում։ Լուրը, սակայն, կեղծ էր։
Կադիրովը սոցցանցային հարթակներից որևէ մեկում նման գրառում չի հրապարակվել։ Չեչնիայի ղեկավարը առավել ակտիվ է Telegram-ում, սակայն այնտեղ Շուշի բառի կիրառումով որևէ գրառում չի արվել, իսկ հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող վերջին գրառումն արվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին։ Այդ գրառմամբ Կադիրովը գոհունակություն էր հայտնել, որ կողմերը դադարեցրել են ռազմական գործողությունները և ընդգծել Վլադիմիր Պուտինի կարևոր դերակատարությունն այդ գործում։
Ինստագրամ-ի և ВКонтакте-ի էջերում ևս նման գրառում մեզ չհաջողվեց գտնել։ Բացի դրանից՝ այդ մասին չի գրել որևէ այլ արժանահավատ լրատվամիջոց կամ այլ աղբյուր։
-----------------------------------------------------
Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: