Ապատեղեկատվություն․ Քոչարյանի հայրը ադրբեջանցի է

Վճիռ․ կեղծ լուր

Մայիս-հունիսին` արտահերթ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, Ֆեյսբուքում տարածվեց Հայաստանի երկրորդ նախագահ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նկարը, որի ուղղեկցող տեքստում ասվում էր, թե Քոչարյանի հայրը ադրբեջանցի է։

Այս տեղեկությունը արդեն մի քանի տարի է տարածվում է ադրբեջանական և հայկական մեդիայում։ Տեղեկությունը փաստազուրկ է, իսկ Քոչարյանի իբր մոր նկարը վերցված է հին գեղարվեստական ֆիլմից։

Հայկական և ադրբեջանական սոցցանցերում այս գրառումները տարածվում են արդեն մի քանի տարի

Մայիսին մի քանի ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք համակրություն էին արտահայտում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, սկսեցին տարածել նրա քաղաքական հակառակորդի՝ Ռոբերտ Քոչարյանի նկարը, որի վրա գրված էր, թե Քոչարյանը կիսով ադրբեջանցի է (օրինակ 1, օրինակ 2

Այս նկարն ու տեքստը առաջին տարին չէ, որ տարածվում են սոցցանցերով և սունկ (քլիքբեյթ) կայքերով թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3

Ամբողջական տեքստը տարածվում է հիմնականում ադրբեջանական աղբյուրներում։ Դրա մեջ հանդիպում են ձևակերպումներ, որոնք հայկական բովանդակության մեջ սովորաբար չեն օգտագործվում (օրինակ՝ Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի, ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի)։ Հայկական սոցցանցերում և կայքերում տարածվում է սև ու սպիտակ կոլաժ Քոչարյանի նկարով և տեքստի կրճատ տարբերակով (ամբողջական տեքստի առաջին մի քանի տողը)։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս պատմությունը կարող էր հայտնված լինել ադրբեջանական սոցիալական ցանցերում։

Տեքստը պնդում է, թե Քոչարյանը եղել է Ադրբեջանի ԽՍՀ Դաշկեսանի շրջանում բնակվող մի հայուհու և ադրբեջանցու արտամուսնական կապի զավակ։ Գրառումները իսկական սագա են պատմում․ իբր Քոչարյանի մայրը սիրավեպեր է ունեցել երկու ադրբեջանցի պաշտոնյաների հետ, որոնք մրցում էին միմյանց հետ և կնոջը տարբեր պաշտոններ տալիս շրջանի պետական համակարգում։ Ըստ այս գրառումների՝ նրա ամուսինը հաշվապահ է եղել, իսկ ամուսնությունը պետք է եղել սիրավեպերը թաքցնելու համար։ Պատմվում է, թե Քոչարյանը կրում է մոր ամուսնու ազգանունը և իբր նրան երկու տարեկան հասակում ուղարկել են Ստեփանակերտ։

Տեքստում կան բազմաթիվ պատահական մանրամասներ, որոնք այն առաջին հայացքից արժանահավատ են դարձնում։ Սակայն որևէ ապացույց բերված չէ․ առաջարկվում է միայն հարցնել տեղի «երկարակյացներին ու փախստականներին», որոնք «կարող են հաստատել»։

Քոչարյանի «մոր» նկարը վերցված է խորհրդային ֆիլմից

Տեքստի ամբողջական տարբերակը տարածվում է սոցցանցերում մի կնոջ լուսանկարով, որի վրա գրված է․ «Հասմիկ Քոչարյանը եւ նրա որդին, Ռոբերտ www.aravot.am»։ Գրառումը արված է հայերենով, բայց սխալ է պարունակում․ «Ռոբերտ» բառը ճիշտ չէ խոնարհված, ինչ է նույնպես կարող է վկայել պատմության ոչ հայկական ծագման մասին։

Լուսանկարի վրա գրված “www.aravot.am”-ը իրական հայկական լրատվական կայքի անվանում է։ Սակայն բուն պատկերը ոչ թե իրական լուսանկար է, այլ խորհրդային «Бабы рязанские» («Ռյազանի կանայք») 1927 թվականի գեղարվեստական ֆիլմից կադր։

Պաշտոնական աղբյուրները չեն հաստատում այս պատմությունը

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կենսագրության մեջ ասվում է, որ նրա երկու ծնողն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում։ Նրա հայրը՝ Սեդրակ Քոչարյանը, ծնվել է Աստղաշեն գյուղում, սովորել է Դաղստանի գյուղատնտեսական ինստիտուտում, այնուհետև վերադարձել և տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ընդհուպ մինչև ԼՂԻՄ գյուղատնտեսության վարչության պետ։

Քոչարյանի մայրը` Էմմա Օհանյանը, ծնվել է Ղարաբաղի Հադրութ շրջանում։ Եղել է գիտաշխատող Լենինականում (Գյումրի) և Ստեփանակերտում։ Նա ապրել է մինչև 2015 թվականը։ Նրա մահվան և հոգեհանգստի արարողության մասին տեղեկությունը հրապարակվել է հայաստանյան մամուլում։

Այսպիսով, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական սոցցանցերում տարածվում է Ռոբերտ Քոչարյանի ծնողների մասին պնդումներ, որոնք որևէ կերպ հիմնավորված չեն ապացույցներով։ Ընդ որում՝ ադրբեջանական հարթակներում առավել հաճախ տարածվում է այս տեղեկության ընթարցած, իսկ հայկական հարթակներում՝ կրճատ տարբերակը։

Մի շարք հրապարակումներում այս պնդումները զուգորդվում են Քոչարյանի ենթադրյալ մոր նկարով, սակայն նկարը իրականում գեղարվեստական ֆիլմից կադր է։ Պաշտոնական աղբյուրներում այս տեղեկության որևէ հաստատում չկա։

----------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: