Հին լուր․ Թեհրանում րոպեներ առաջ կործանվել է Boeing օդանավը

Վճիռ՝ կեղծ լուր

Հուլիսի 26-ին մի շարք սունկ կայքեր և ֆեյսբուքյան էջեր գրեցին, թե «րոպեներ առաջ» Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող, 180 ուղևորներով ուկրաինական օդանավը: Լուրը հին է, դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 8-ին։ Ավելի ուշ Իրանն ընդունեց, որ «ոչ միտումնավոր» խոցել է ուկրաինական Boeing-ը։

Ռուսական РИА Новости-ին հղումով՝ lureraysor.ru-ն գրել էր, թե ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը «տեխնիկական խնդիրներն են եղել»:

«Պատահարի մասին տեղեկությունը հաստատել է Թեհրանի օդանավակայանի ղեկավարը՝ հայտնելով, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց: Կործանված օդանավը ուղևորատար Boeing 737 է, ներսում գտնվել են 167 ուղևորներ, մյուսներն անձնակազմի անդամներ են»,- գրել էր lureraysor.ru-ն։

Հրապարակվել էր նաև կործանվող օդանավի տեսանյութը։

Տեղեկությունը հին է

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737-ը իսկապես վթարվել է, սակայն դեպքը տեղի է ունեցել ոչ թե այս տարվա հուլիսի 26-ին, այլ ավելի քան մեկ տարի առաջ՝ 2020 թվականի հունվարի 8-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Այդ մասին էր գրել նաև Flightradar24.com-ը։

Օդանավում եղել էր 176 ուղևոր, ևս 9 մարդ եղել էր անձնակազմում։

Տեղադրված տեսանյութը ևս հին է․ Youtube-ում այն ևս հրապարակվել է 2020-ի հունվարի 8-ին։

Lureraysor.ru-ն տեղադրել էր նաև լուսանկարներ՝ կործանված օդանավից։

Այս լուսակնարը, սակայն, ավելի հին է, քան Boeing-737-ի կործանման իրական տարեթիվը․ այն արվել է 2017-ին՝ Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանի մերձակայքում, երբ կործանվել էր թուրքական Boeing 747 բեռնատար օդանավը։

Այսպիսով, քլիքբեյթ կայքերի կողմից տարածված տեղեկությունը, որում գրվում էր, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական օդանավը կործանվել է Թեհրանի միջազգային օդանավակայանի մոտակայքում, շփոթեցնող է, քան որ դեպքը տեղի է ունեցել 2020 թվականին՝ ավելի քան մեկ տարի առաջ։ Տեղադրված տեսանյութը ևս հին է՝ հրապարակված հունվա ամսին։ Ինչ վերաբերում է լուսանկարին, ապա այն արվել է 2017 թվականին՝ Բիշկեքում:

-------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: