Սխալ․ Ադրբեջանի քաղաքացիները գալիս են Հայաստան պատվաստվելու
Վճիռ․ սխալ տեղեկություն
Հուլիսի 14-ին Pastark.am կայքը գրեց, թե Ադրբեջանի քաղաքացիները գալիս են Հայաստան պատվաստվելու։ Կայքը նաև պնդեց, թե օտարերկրացիները Հայաստանում կարող էին ստանալ Sputnik V։ Երկու պնդումն էլ, սակայն, սխալ էին։
Հուլիսի 15-ին Հայաստանը փոխեց օտարերկրյա քաղաքացիների պատվաստման կարգը։ Եթե նախկինում կարող էր պատվաստվել ցանկացած մարդ՝ ուղղակի ներկայացնելով անձնագիրը, ապա այժմ օտարերկրացին պետք է առնվազն 10 օր անցկացրած լինի Հայաստանում պատվաստում ստանալու համար։
Այս փոփոխությունների ուժի մեջ մտնելու նախորդ օրը՝ հուլիսի 14-ին, Pastark.am կայքը անդրադարձավ Հայաստանում պատվաստվող օտարերկրացիների հարցին։ Հոդվածը Ֆեյսբուքյան տարբեր խմբերում տարածեց Երևանի ավագանու նախկին անդամ և հակապատվաստումային դավադրության տեսությունների ջատագով նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը (հղում 1, հղում 2, հղում 3)։ Հոդվածում արվում էր մի քանի սխալ պնդում։
❌ Ադրբեջանի քաղաքացիները գալիս են Հայաստան պատվաստվելու
Pastark.am-ը կրկնում էր «համացանցում լայնորեն տարածվող» թեզը այն մասին, թե Հայաստանում պատվաստվող օտարերկրացիների թվում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Այս պնդման՝ առնվազն Ադրբեջանի քաղաքացիներին վերաբերվող մասը սխալ էր։
Պատվաստումները Հայաստանում ընթանում են արդեն երեք ամիս՝ ապրիլի 13-ից։ Ապրիլի վերջից Հայաստանը թույլ է տալիս նաև օտարերկրացիների պատվաստումը։ Media.am-ի և Factcheck.ge-ի հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայությունից հայտնեցին, որ վերջին երեք ամսում Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի քաղաքացիներ չեն ժամանել։
Ադրբեջանը և Թուրքիան տարածաշրջանի առաջատարներն են պատվաստվածների քանակով։ Երկու երկրում էլ հասանելի են մի քանի տեսակի պատվաստանյութ:Ադրբեջանում արդեն պատվաստվել է ավելի քան 4,5 միլիոն մարդ։
Միաժամանակ, Իրանում պատվաստումային գործընթացը դանդաղ է ընթանում։ Երկրում արգելված են արևմտյան արտադրության պատվաստանյութերը։ Հուլիսի 19-ի դրությամբ առնվազն մեկ դեղաչափ պաստաստանյութ Իրանում ստացել է բնակչության միայն 7%-ը։ Հազարավոր Իրանի քաղաքացիներ ժամանում են Հայաստան պատվաստվելու նպատակով։
❌ Օտարերակրացիները կարող էին պատվաստվել Sputnik V-ով
Կայքը գրում էր, թե օտարերկրացիները «դեռ հնարավորություն ունեն ՀՀ քաղաքացիների նույն իրավունքներով պատվաստվել օրինակ` Սպուտնիկ V-ով»։
Օտարերկրացիների պատվաստումը Հայաստանում թույլատրում է ապրիլի 23-ից սկսած։ Սակայն օտարերկրյա քաղաքացիները պատվաստվում են միայն AstraZeneca պատվաստանյութով։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Media.am-ի և Factcheck.ge-ի հետ զրույցում հաստատեց, որ ինչպես հուլիսի 15-ի փոփոխություններից հետո, այնպես էլ դրանցից առաջ օտարերկրացիները Հայաստանում կարող էին պատվաստվել AstraZeneca-ով։
-------------------------------------------
Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: