Հին լուր. հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է

Վճիռ՝մանիպուլյացիա

Հուլիսի 19-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Արդեն հուլիսի 20-ին՝ 00:43-ին պաշտպանական գերաատեսչությունը նոր հաղորդագրությամբ հայտնեց, որ 23:00-ի դրությամբ իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Լարվածության ֆոնին տարածվեց տեղեկություն, որ զոհվել է Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը: Այս լուրը հետագայում հերքվեց։

Ավելի ուշ freenews.am-ը հրապարակեց ՊՆ-ի հին հաղորդագրությունը, որ սահմանային իրավիճակը հանգիստ է՝ առանց նշելու, որ խոսքը ոչ թե այդ պահի, այլ ցերեկվա իրադրության մասին է։ Այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց սոցիալական մեդիայում։

Սահմանային վիճակի մասին հին լուր՝ նորի փոխարեն

Հուլիսի 20-ին՝ ժամը 02:04-ին, freenews.am-ը գրեց, թե հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այդ պահին հանգիստ է։

Լուրը վերատպեցին լրատվակայքերն ու ֆեյսբուքյան էջերը։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջով տարածեց Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ կից գրառումով՝ «Այս պահին ամենավերջին պաշտոնականը»։

Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հայրապետյանի էջում տեղեկությունը ևս հայտնվեց։

Վերջիններս գրառումն արդեն հեռացրել են։

Freenews.am-ը, իրականում, վերահրապարակել էր հուլիսի 19-ի ցերեկը՝ 14:04-ին Արմենպրես լրատվական գործակալության հրապարակված լուրը, ի դեպ, առանց հղում անելու սկզբնաղբյուրին։ Freenews-ը հուլիսի 20-ի 02:04-ի հրապարակման ժամանակը փոխեց՝ դարձնելով այն հուլիսի 19, 16:48։ Դրանում կարելի է համոզվել` կայքի արխիվի և Ֆեյսբուքյան հրապարակման միջոցով։

Արմենպրեսը հուլիսի 19-ի ցերեկը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին խոսել էր ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ։ Նա ասել էր, որ այդ պահին սահմանին իրավիճակը հանգիստ է։ Freenews.am-ն ինքն էլ 15:00-ին տարածել էր այդ տեղեկությունը, սակայն գիշերը նույն լուրը վերահրապարակեց թե՛ կայքում, թե՛ ֆեյսբուքում։

Լրատվականը, սակայն, նույն լուրը վերահրապարակեց նաև ամսի 20-ին, երբ հայտնի դարձավ համայնքապետ Ռադիկ Օղիկյանի վիրավորման լուրը։ Տարածելով հին լուրը՝ կայքը չէր նշել, որ խոսքը ոչ թե այդ պահին սահմանին տիրող իրավիճակի, այլ դեռևս նախորդ օրվա մասին է։ Ավելին՝ հին ինֆորմացիան տարածեցին նաև այլ Ֆեյսբուքյան էջեր և խմբեր (օրինակ՝հղում 1, հղում 2, հղում 3, հղում 4, հղում 5, հղում 6, հղում 7, հղում 8, հղում 9,հղում 10):

Երասխի գյուղապետը չի զոհվել

Սահմանի հատվածում գրանցվել էր ևս մեկ հետաքրքիր միջադեպ։Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում սահմանային լարվածության մասին ՊՆ-ի՝ 00:43-ի հաղորդագրությունից րոպեներ անց Հերմինե Զեյնալյան անունով ֆեյսբուքյան օգտատերը գրեց՝ «Էս պահին մեր պոստը Երասխում այրվում է, գյուղապետը վիրավոր է, բայց ոմանք ասում են զոհվել է, ևս մի քանի վիրավոր ունենք»։ Օգտատերը շուտով հեռացրեց գրառումը, սակայն Politik.am լրատվակայքն արդեն հասցրել էր վերահրապարակել այն։

Լուրը, որ Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը զոհվել է, սուտ էր։ «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը news.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել թևի շրջանում՝ հավելելով, որ գյուղապետի կյանքին վտանգ չի սպառնում։

-----------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: