Կեղծ լուր․ Միքայել Մինասյանին բերման են ենթարկել
Վճիռ՝ կեղծ լուր
Հուլիսի 10-ին մի շարք սունկ կայքեր և ֆեյսբուքյան էջեր տարածեցին լուր, թե Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին բերման են ենթարկել։ Հրապարակվել էր նաև Մինասյանին իբրև բերման ենթարկելու լուսանկարը։
Միքայել Մինասյանը բերման չի ենթարկվել
Նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Նա այժմ գտնվում է հետախուզման մեջ։
Լուրը, թե Մինասյանին բերման են ենթարկել, առաջին անգամ տարածվեց հուլիսի 9-ին` 8rd news յութուբյան ալիքի կողմից։ Չնայած տեսանյութը վերնագրված էր՝ «ԲԱՑԱՌԻԿ․ Ինչպես են Միշիկին Բերում Հայաստան», այնուամենայնիվ շուրջ 9 րոպե տևողությամբ տեսանյութում որևէ խոսք չկար այն մասին, որ Միքայել Մինասյանին բերման են ենթարկել։
Նախկին դեսպանին վերաբերող հատվածում նշվում է, որ, ըստ հայկական լրատվականների, նա և Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հանդիպել են Մոսկվայի Ararat Park Hyatt հյուրանոցի ռեստորանում։
8rd news-ում նաև մեջբերվում է Civic.am լրատվականի նյութը, որում լրագրողը կապ էր հաստատել ՊԵԿ-ի և ՀՀ ոստիկանության հետ՝ հասկանալու՝ գերատեսչություններին հայտնի՞ է Միքայել Մինասյանի գտնվելու վայրը, թե՞ ոչ։ Ի պատասխան հաղորդվել էր, որ այդ գործով որևէ նորություն չկա։
Այսպիսով, Մինասյանին բերման ենթարկելու մասին լուրը պարզապես խայծ էր, որի միջոցով 8rd news-ը փորձել էր գրավել մարդկանց ուշադրությունը և դիտումներ հավաքել։ Բովանդակության մեջ որևէ խոսք չկար նախկին դեսպանին բերման ենթարկելու մասին, իսկ կցված լուսանկարը ենթարկվել էր պարզագույն խմբագրման։
Ո՞ւմ է պատկանում 8rd news-ը
8rd news յութուբյան ալիքը ստեղծվել է 2018 թվականի մայսիսի 9-ին։ Ստեղծման օրվանից այն տարածում է «սենսիացիոն» վերնագրերով նյութեր, որոնց բովանդակությունը, որպես կանոն, չի համընկնում գլխագրի հետ։ Որպես հետադարձ կապի միջոց՝ ալիքում տեղադրված է Nvideo Only1 ֆեյսբուքյան էջի հղումը։ Ֆեյսբուքյան այս էջում տարածվում են 8rd news-ում հայտնված տեսանյութերը։ Այս էջն ունի 18 797 հետևորդ։ Կեղծ տեղեկություններից մեկը, որը հրապարակվել է Nvideo Only1-ում, վերաբերում է «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի, որն այժմ կալանավայրում է և մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։
Nvideo Only1-ը գրել էր, թե Չարչյանը «ցմահ դատվել է», մինչդեռ այդ գործով դատը տեղի չի ունեցել, և օրերս միայն հրապարակվեց Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը, ըստ որի մերժվել էր Չարչյանի խափանման միջոցը (կալանքը) փոխելու հայցը։
Nvideo Only1 էջի հիմնադիրը Շավարշ Սարուխանյան անունով օգտատերն է։ Այդ մասին նշված է նրա ֆեյսբուքյան էջում։
Շավարշ Սարուխանյանը ֆեյբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնել էր, որ 8rd news-ը պատկանում է իրեն՝ հավելելով, որ դա յութուբյան միակ ալիքը չէ, որտեղ նա գործունեություն է ծավալում։ Վերջինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության համակիրներից է։
----------------------------------------------------------
Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: