Կեղծ լուր․ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հայտարարել է, որ կրակողը իրենց դաշինքի անդամ է

Վճիռ. Կեղծ լուր

Հունիսի 20-ին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը թեկնածուներից մեկի՝ Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել էին։ Դեպքից մի քանի ժամ անց համացանցում լուր տարածվեց, թե ըստ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի՝ կրակողը եղել է հենց իրենց դաշինքի անդամ։

Այս տեղեկությունը հիմնավորված չէր, իսկ Արման Բաբաջանյանը հեքեց որևէ նման հայտարարություն անելու մասին պնդումը։

Մի քանի սոցցանցերի էջեր ու կայքեր հայտնեցին, թե Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հայտարարություն է արել այն մասին, որ Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակող անձի ինքնությունը պարզվել է։

««Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հայտնեց, որ կրակողը հայտնաբերվել է իրավապահների կողմից և նա Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի անդամ է, ով կրակելով կայանված դատարկ մեքենայի վրա՝ ցանկացել է դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել», գրեց Mediaport Տելեգրամ-ալիքը:

Media.am-ին և Fact-check.ge-ին չհաջողվեց դաշինքի կողմից նման հայտարարություն գտնել։ Մենք կապվեցինք Արման Բաբաջանյանի հետ, ով հայտնեց, որ դաշինքը որևէ նման հայտարարություն չի արել։

Ավելին՝ Բաբաջանյանը ասաց, որ նման պնդումներով իր անունից կեղծ նամակ է տարածվում․ «Չկա էդպիսի բան, ես ոչ մեկին նամակով հաղորդագրություն չեմ տարածել։ Դա շատ հայտնի շրջանակների կողմից պատրաստված և մամուլի, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղարկված հաղորդագրություն է, որը կապ չունի իրականության հետ», ասաց Բաբաջանյանը։

Բաբաջանյանի նշած նամակը մեջբերել է, օրինակ, armlur.am կայքը՝ նշելով, որ թեկնածուն այդ նամակի իսկությունը հերքել է։

Այսպիսով՝ լուրն այն մասին, թե Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հայտարարել է, որ Արման Բաբաջանյանի մեքենային կրակողը իրենց դաշինքի անդամ է եղել, կեղծ է․ դաշինքը նման հայտարարություն չի արել։

-------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: