Մանիպուլյացիա․ հայտնաբերվել են ստորին հատվածում անցքեր ունեցող քվեատուփեր, որոնք, ըստ ամենայնի, օգտագործվելու են քվեաթերթիկներ լցոնելու համար

Վճիռ․ մանիպուլյացիա

Հունիսի 19-ին՝ արտահերթ ընտրությունների նախորդ օրը, լուր տարածվեց, թե որոշ քվեատուփեր հատակին պարունակում են անցքեր, որոնք «կօգտագործվեն քվեարթերթիկների լցոնումների համար»։

Այս տեղեկությունը մանիպուլյատիվ է․ անցքեր կան Հայաստանում օգտագործվող բոլոր քվեատուփերի հատակներին, և նման քվեատուփեր օգտագործվում են արդեն տարիներ շարունակ։

Անցքերը հատուկ նշանակություն ունեն

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության՝ IFES-ի ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանը Media.am-ի և Factcheck.ge-ի հետ զրույցում նշեց, որ քվեատուփերի հատակի անցքերը նոր չեն․ այդպիսի անցքերով քվեատուփեր օգտագործվում են արդեն 10 տարուց ավել։

Եսայանի խոսքով՝ անցքերը մի քանի նշանակություն ունեն․ «Երբ որ պահեստավորում են, իրար վրա են դնում այդ տուփերը և հետո շատ դժվար է իրարից անջատել եթե իրանք հերմետիկ իրար վրա են հագնում։ Որպեսզի կարողանան հեշտությամբ պոկել իրարից ժամանակին արվել են այդ ծակերը», ասաց Եսայանը։

Նա նաև հավելեց, որ նախկինում քվեատուփերը հաճախ չէին վերադարձվում․ հատկապես գյուղերում մարդիկ դրանք վերցնում էին, օգտագործում կենցաղում։ Դա էլ էր պատճառներից մեկը, որպեսզի ընտրությունների համար արտադրվեն անցքերով քվեատուփեր։

Քվեաթերթիկները հաշվված են

Քվեաթերթիկը դրվում է ծրարի մեջ և կնքվում։ Այն ուղղանկյուն ձև ունի և քվեատուփերի վերևում՝ կափարիչի վրա, կն դրան հարմարեցված անցք՝ որպեսզի քվեարկողը թերթիկը հեշտ գցի արկղի մեջ։ Հետևաբար՝ հասկանալի չէ, թե ինչու պետք է լցոնումը կատարվի քվեատուփի տակից՝ կլոր անցքերից, եթե խախտում իրականացնողը ավելի հեշտ դա կարող է անել քվեատուփի կափարիչի վրա արված անցքի միջոցով։

Լուսանկարը՝ Media.am

«Անկախ դիտորդ» նախաձեռնության համակարգող Վարդինե Գրիգորյանը Media.am-ի և Factcheck.ge-ի հետ զրույցում նշեց, որ քվեարթերթիկները ուղղակի անցքից լցոնել չի ստացվի․ «Լցոնելու համար պետք է մի 3-4 տարբեր տեղ կեղծեին ամեն ինչ։ Սարքով պետք է անցկացնեն փաստաթուղթը, պետք է անցկացնեն մատնահետքը, տպեն կտրոնը, անձը պետք է ստորագրի ընտրողների ցուցակը, դրանից հետո ստանա քվեաթերթիկները, գնա քվեարկի, դրոշմանիշը փակցնեն քվեաթերթիկի վրա՝ ծրարի վրա, հետո էդ ծրարը [ընտրողը] գցի արկղի մեջ»։

Գրիգորյանի խոսքով՝ քվեարթերթիկների քանակը մի քանի տեղ արձանագրվում է, և ուղղակի ավել քվեաթերթիկներ պատրաստել և լցնել արկղի մեջ չափազանց դժվար է․ «Քվեաթերթիկը արձանագրվում է մի հատ սարքի մեջ, մի հատ կտրոնների քանակով, մի հատ ստորագրությունների ցուցակով, մի հատ էլ դրոշմանիշների քանակով։ Էդքանը եթե իրանք [ընտրախախտում անողները] կարողանալու են ապահովեն, հաստատ կարող են վերևից գցեն քվեաթերթիկը տուփի մեջ, կարիք չունեն տակից ծակելու», նշեց Գրիգորյանը։

Այսպիքով՝ քվեատուփերի հատակին անցքեր կան երկար տարիներ։ Դրանք չեն կարող օգտագործվել լցոնումների համար, քանի որ նման ընտրախախտում անելը ենթադրում է քվեաթերթիկի բազմափուլանի կեղծում, իսկ բոլոր կեղծումները ապահովելու պայմաններում կարելի է լցոնումը անել քվեատուփի վերևից՝ ուղղանկյուն ծրարի համար ավելի հարմար անցքից։

-------------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: