Մանիպուլյացիա Ադրբեջան մակնշմամբ «Հեյնիկենի» վերաբերյալ

Վճիռ՝ մանիպուլյացիա

Օգտատեր Mihran Mir Poghosyan-ը հրապարակել էր «Հեյնիկեն» գարեջրի լուսանկարներ, որի վրա պատկերված էր Ադրբեջանի դրոշը և մակագրված՝ «Ադրբեջան»։ Օգտատերը գրել էր՝ «Թրքասեր իշխանության հետևանքները վայելեք երևանյան փողոցներում։ Սրանց հետ ապագա ԿԱ, բայց պարզ չի՝ որ երկրում»։

Ադրբեջան մակագրությամբ ապրանքներն առաջին անգամ չէ, որ հայտնվում են Հայաստանում։ Դրանց առակայությունը, սակայն, չի նշանակում, թե ապրանքն ադրբեջանական է, առավելևս՝ առնչություն ունի գործող իշխանության «թրքասիրության» հետ։ «Ադրբեջան» մակնշմամբ «Հեյնիկեն» գարեջուր Հայաստանում իսկապես ներմուծվել է, սակայն դրա պատճառն այն է, որ գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի Եվրո 2020 առաջնության խաղերը։

Ադրբեջան մակնշմամբ ապրանքները Հայաստանում նոր չեն

Mihran Mir Poghosyan-ը գրառումն արել էր հունիսի 14-ին, տեղեկությունը տարածվել էր ֆեյսբուքյան խմբերում և հայտնվել լրատվամիջոցների էջերին։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստան ներմուծված ապրանքների վրա Ադրբեջան մակնշում կա։ Օրինակ 2021-ի հունվար ամսին տեղեկություն տարածվեց, թե հայկական շուկայում ադրբեջանական ապրանքներ են վաճառվում։ Մասնավորապես, խոսքը ադրբեջանական գրությամբ Sandora ըմպելիքի մասին էր։ Sandora հյութը, սակայն, ադրբեջանական չէ, այն արտադրվում են Ուկրաինայում։ Ինչպես FIP.am-ի հետ զրույցում նշել էր Հայաստանում Sandora ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը «Ադամիում»-ի տնօրենը՝ Sandora-ն իր արտադրանքն արտահանում է 20-ից ավելի երկրներ, որոնց թվում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Հետևաբար՝ տուփի վրա կարող են նշված լինել ինչպես հայերեն, այնպես էլ ադրբեջաներեն գրությամբ տեղեկություններ ապրանքի վերաբերյալ։

Ինչու է «Heineken»-ի վրա մակնշված «Ադրբեջան»

«Հեյնիկենը» նիդեռլանդական արտադրանք է։ Հայաստան ներմուծված այդ խմբաքանակի արտադրման երկիրը Ռուսաստանն է։ Այստեղ «Հեյնիկեն» գարեջրի պաշտոնական ներկրողը Սարգիս Կարոլինա ՍՊԸ-ն է, որը հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի դրոշը պարունակող փաթեթավորմամբ գարեջուր իր կողմից երբևէ չի ներկրվել Հայաստանի Հանրապետություն: Սակայն ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը՝ ներկրող այլ ընկերություններ ևս կան։

Տեսչական մարմինը հայտարարել էր, որ «Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո 2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո 2020-ի խաղերը, օրինակ՝ Անգլիան, Իսպանիան և այլն: Իսկ Ադրբեջանում, ինչպես հայտնի է, Եվրո 2020-ի շրջանակում 4 խաղ է կայանալու, որոնցից մեկը քառորդ եզրափակիչ։

Գերատեսչությունը նշել է նաև, որ գարեջուրը Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:

-------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: