Կեղծ լուր․ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ամուսնալուծվել են
Վճիռ՝ կեղծ լուր
Նյութը չուներ աղբյուր․ տարածվողը կեղծ սքրինշոթ էր
«Ազատություն» ռադիոկայանի անունից տարածվել էր կեղծ տեղեկություն այն մասին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը բաժանվել են, իսկ պատճառը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուն է։ Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը, ռադիոկայանում նման լուր չէր հրապարակվել, իսկ տարածվող սքրինշոթը կեղծ էր։
Տեղեկությունը տարածվեց հունիսի 11-ին մեսենջեր հավելվածում, նշվում էր, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, բաժանվել են, իսկ պատճառը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Վարդանյանն է։ Լուրը տարածուվում էր սքրինշոթերի տեսքով։ Լուրի ակտիվ հղումն ի սկզբանե չի եղել։
Սոցիալական ցանցերում այն սկսեց տարածվել հերքման տեսքով։ Տիգրան Վարդանյանն իր ֆեյբուքյան էջում հրապարակել էր սքրինշոթն ու գրել, որ տարածվող լուրը «լկտի սուտ է», ինքը երբեք դեմ առ դեմ չի հանդիպել Աննա Հակոբյանին։ Մեզ հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ ինքն էլ միայն լուրի լուսանկարներն է տեսել, և կարծում է, որ այն կեղծված է եղել։
Վարդանյանը հետագայում ջնջեց իր գրառումը, սակայն մեզ մոտ պահպանվել է հրապարակման սքրինշոթը։
«Ազատություն» ռադիոկայանը նման լուր չի տարածել
«Ազատություն» ռադիոկայանը նման տեղեկություն չի տարածել: Լուրի սքրինշոթը տարածվել է միայն մեսինջեր հավելվածում և հրապարակվել է հերքման տեսքով։ Լուրը տարածողներից որևէ մեկը՝ այդ թվում Տիգրան Վարդանյանը, չկարողացավ մեզ տրամադրել որևէ հղում կամ լուրի աղբյուր։
«Ազատություն» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսեր Արտակ Համբարձումյանը ևս հաստատեց, որ լրատվամիջոցը նման ինֆորմացիա չի հրապարակել։
Լուրը տարածվել էր նաև նախկինում
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման մասին լուրը հրապարակվել էր նաև 2021 թվականի փետրվար ամսին՝ A T A V info յութուբյան ալիքի կողմից։ Տեսանյութն ունեցել էր ավելի քան 15 հազար դիտում։ A T A V info-ում կարող ենք գտնել կեղծ և «սենսացիոն» բովանդակությամբ բազմաթիվ տեսանյութեր։
Ֆեյսբուքում այն տարածում էր Նոնա Աբրահամյան անունով օգտատերը։ Ուսումնավիրելով օգտատիրոջ հրապարակումները՝ հասկանում ենք, որ վերջինս մշտապես տարածում է այն տեսանյութերը, որոնք հրապարակվում են A T A V info յութուբ-ալիքում։
Խումբը, որտեղ օգտատերը տարածել էր լուրը, «Արցախյան լրահոսն» է։ Այն ունի շուրջ 37 200 հետևորդ և որպես կանոն իշխող ուժին քննադատող բովանդակություն է տարածում։ Դրանում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով խմբում հրապարակվող նյութերը։ Օրինակ գրվում է, թե Քաղաքացիական պայմանագրի պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը Գորշ Գայլեր կուսակցության անդամ է, հրապարակվում է տեսանյութ, որտեղ քաղաքացիները վիրավորական վանկարկումներ են անում Փաշինյանի հասցեին, տարածում Նիկոլ Փաշինյանի ընտրողներին թիրախավորող գրառումներ և այլն։
-------------------------------------------------------------------------------
Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: