Ապատեղեկատվություն. Հայաստանը պետք է ցրի Զինված ուժերը

Վճիռ՝ կեղծ լուր

Մայիսի 21-ին «Без Масок ЧИВ» ադրբեջանական Տելեգրամ-ալիքը հրապարակեց մի փաստաթուղթ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագիր։

Փաստաթուղթը հայտնում էր, որ Ադրբեջանի քաղաքացիների համար պետք է ապահովվեն Հայաստանում անշարժ գույք առնելու և բիզնես հիմնելու արտոնյալ պայմաններ, իսկ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պետք է ամբողջությամբ կազմալուծվեն։ Նման սենսացիոն բովանդակությունը արագ տարածվեց սոցցանցերում։

Այս հրապարակումից ընդամենը 17 րոպե անց ալիքը նոր գրառում արեց, հայտնելով, որ փաստաթուղթը կեղծ էր և ծաղրանքի բնույթ էր կրում․ «Այն պահը, երբ ունես Word և տպող սարք», գրեց ալիքը։

Հայաստանյան օգտատերերը և լրատվամիջոցները առանց ստուգելու արտատպեցին սենսացիոն բովանդակություն ունեցող, բայց կեղծ փաստաթուղթը։

Սկզբից ֆեյսբուքյան օգտատերերը, ապա՝ մամուլը տարածեցին կեղծ փաստաթուղթը

«Без Масок ЧИВ»-ը ներկայանում է որպես Տելեգրամում Ադրբեջանի «սահմանները պահպանող» ալիք։ Ալիքը արտահայտված հակահայկական բովանդակություն ունի, գրառումները պարունակում են վիրավորական արտահայտություններ հայերի նկատմամբ։

Մայիսի 21-ին այս ալիքի հրապարակած կեղծ փաստաթուղթը նմանակում էր նախորդ օրը համացանցում հայտնված իրական եռակողմ պայմանագրի առաջարկը։ Իրական պայմանագիրը մամուլում հայտնվել էր արտահոսքի շնորհիվ և մեծ աղմուկ առաջացրել։ Հայաստանի կառավարությունը դրա հայտնվելուց քիչ անց հաստատեց դրա իսկությունը։

Տելեգրամ-ալիքի տարածած կեղծ փաստաթուղթը այս իրական արտահոսած պայմանգրի նմանությամբ էր կազմված, իսկ որոշ նախադասություններ նույնությամբ կրկնում էին իրական փաստաթղթի տեքստը։ Այս կոնտեքստը նպաստեց, որպեսզի կեղծ փաստաթուղթին առավել շատ օգտատերեր հավատան։

Կեղծ փաստաթուղթը, սակայն, պարունակում էր մի շարք կետադրական և ուղղագրական սխալներ։ Ավելին՝ դրա տեքստը արտահայտված պրո-ադրբեջանական ուղղվածություն ուներ, պահանջում էր սահմանազատման և ԼՂ հակամարտության հետ կապ չունեցող գործողություններ հայկական կողմից։ Նման տեքստեր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում՝ եռակողմ հայտարարություններում սովորաբար չեն գրվում։

Հայկական մամուլը և սունկ (clickbait) կայքերը առանց ստուգելու տարածեցին այս փաստաթուղթը չնայած նրան, որ այն պարունակում էր սխալներ ու տարօրինակություններ ուներ։ Կեղծ փաստաթուղթը տարածել էին Auroranews.am-ը (արդեն հեռացրել է), Mamul.am-ը և մի շարք սունկ կայքեր։

Mamul.am-ում փաստաթուղթը հայտնվել էր Արթուր Արամյան անունով ֆեյսբուքյան օգտատերի գրառումից։ Օգտատերը հայտնում էր․ «🤳 ՇԱՏ ՇՏԱՊ❗❗❗ Ժողովուրդ ջան` հրատապ կարդացե'ք և տեղեկացրե'ք մարդկանց»։ Այս հոդվածը գրելու պահին Արամյանի գրառումը արդեն ուներ 381 կիսում։

Արթուր Արամյանը ծայրահեղ աջ «Կամք» շարժման մասնակից է։ 2019 թվականին նա ակտիվորեն քննադատում էր ԱԺ կողմից կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ ուղղված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։

Այսպիսով՝ այս լուրը կեղծ էր։ Օգտատերերը, մամուլը և սունկ կայքերը առանց ստուգելու տարածեցին մի փաստաթուղթ, որը պարունակում էր սխալներ և տարօրինակություններ, դուրս էր եկել ոչ արժանահավատ աղբյուրից, և դրա հեղինակը նույնիսկ հայտնել էր, որ փաստաթուղթը կեղծ է։

---------------------------------------------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:

თეგები:

Նման նորություններ

5361 - Ստուգված փաստ
Թերթ Ֆակտ-մետր
26%
Ճշմարտություն
17%
Սուտ
11%
Մանիպուլյացիա
10%
Մեծ մասամբ ճշմարտություն
10%

Ամենաընթերցվող