Կեղծ լուր․ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ կպաշտպանի ՀՀ պաշտոնական սահմանները

Վճիռ՝ կեղծ լուր

Fb-news.online-ը և մի քանի այլ սունկ կայքեր`edit.am, life-episode.ru, jamanak.ru և այլն, խեղաթյուրել են Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի մասով։ Մասնավորապես՝ նրան վերագրել են հայանպաստ հայտարարություն և անգամ օգնության առաջարկ, որը պաշտոնական Պեկինը չէր հնչեցրել։

Ի՞նչ էին գրում սունկ կայքերը

Մայիսի 25-ի երեկոյան մի շարք սունկ կայքեր գրեցին, թե Չինաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ժաո Լիջիանը հայտարարել է, որ պաշտոնական Պեկինը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կարգավորել իրենց միջև գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով։

Ըստ այս կայքերի, Լիջիանը ասել է՝ հակառակ դեպքում իրենք՝ որպես Հայաստանի հետ լայն առևտրային և բարեկամական կապեր ունեցող երկիր, պարտավորվում են իրենց օգնությունն առաջարկել Երևանին։ Նաև հայտարարել է, թե պետք է պատժել միջազգային կառույցների և ՄԱԿ-ի կոնվենցիաներին չենթարկվողներին, «հակառակ դեպքում նրանք սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի և աշխարհի համար»։

«Իսկ մենք ճշմարտությունից բացի նաև կանենք մեր գործը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Դրանով իսկ կարգելենք Էրդողանի մեծ Թուրանի ստեղծման գաղափարը», - ըստ սունկ կայքերի հայտարարել էր Լիջիան։

Խոսնակին վերագրված հայանպաստ հայտարարությունները չկան սունկ կայքերի լուրերի սկզբնաղբյուր կայքերում։

Այսպես, jamanak.ru-ի աղբյուրը մեկ այլ սունկ էր՝ Fb-news.online-ը։ Վերջինս նյութը վերցրել էր factor.am-ից, որն էլ իր հերթին՝ ռուսական rossaprimavera.ru կայքից, որն էլ իր հերթին՝ РИА Новости-ից։ Սակայն այս բոլոր հրապարակումներում սունկ կայքերում առկա հայանպաստ տեքստը չկար։

Հորինված միտքը տարածվել է ֆեյսբուքյան մի շարք էջերում և խմբերում: Ըստ CrowdTangle-ի տվյալների` այս կեղծ պնդումով հրապարակումները հավաքել են 14 հազարից ավելի հավանում

Ի՞նչ էր ասել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը իրականում

Մայիսի 24-ի մամուլի ասուլիսի ժամանակ Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ժաո Լիջիանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի մասին արված հայտարարության տեքստը հասանելի է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում։

Ի պատասխան Shenzhen TV-ի Հայ-ադրբեջանական սահմանային լարումների մասին հարցի՝ Լիջիանը չեզոք պատասխան է տվել։ Մասնավորապես, խոսնակը ասել է, որ Ադրբեջանը և Հայաստանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են։ «Մենք անկեղծորեն հույս ունենք, որ երկու կողմերը կլուծեն իրենց տարաձայնություններն ու անհամաձայնությունները երկխոսության ու խորհրդատվության միջոցով, և միասին կպաշտպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի մարդիկ կարողանան ապրել հանգիստ», - հայտարարել է նա։

Այսպիսով, ստացվում է, որ սունկ կայքերը հայանպաստ հայտարարություն էին վերագրել Չինաստանի ԱԳՆ խոսնակին, չնայած, որ ոչ իրենց լուրի աղբյուր կայքում, ոչ խոսնակի խոսքում նման հայտարարություն չէր հնչեցվել։

-------------------------------------------------------------

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: